michaelԿարծես` ժամանակը կանգնել է: Հեռվում լսվում են ինչ-որ ձայներ: Ապա ահարկու մի պայթյուն է լսվում` հակատանկային հրանոթի արկի պայթյունից էլ բարձր: Պարզվում է` դու գտնվում ես մի մեծ դահլիճում, ուր անցկացվում է TEDxեսիմինչ@եսիմուրը, իսկ այդ պայթյունը մարդկանց ծափահարություններն էին` ուղղված քեզ նախորդող խոսնակին: -Մի վայրկյան,- անցնում է մտքովդ,- արդեն իմ հե՞րթն է եկել: Իմը՞:

Մի քանի բարեմախտանք, մեկ հատ էլ ոգեշնչող հարված մեջքին ստանալուց հետո դու կախարդական կերպով հայտնվում ես հանդիսատեսի առջևում: Փորձում ես մոտավոր գնահատել դահլիճից դեպի քեզ հառած հայացքների քանակը, բայց դա քեզ չի հաջողվում` կամ այն պատճառով, որ դահլիճում հավաքածները շատ-շատ են, դահլիճն էլ` քիչ լուսավորված, կամ էլ ահից թվերի հերթականությունն ես մոռացել: Չնայած` ինչ տարբերություն,թե քանի հոգու մոտ ինքդ քեզ վարկաբեկես, 5 թե 50: Վայրկյան անց զգում ես, որ քո ձեռքերից մեկում ինչ-որ բան կա. խոսափող է: Ահա, թե ինչ էր այդքան համառորեն փորձում քեզ փոխանցել ձայնային օպերատորը:

Սեփական ելույթիդ պարունակությունը հիշելու փորձերին զուգահեռ ջանում ես իմի բերել այն բոլոր խորհուրդները, որոնք ստացել էիր մարզիչներիցդ. «Արմավենու դիրք-չմոռանաս շնչել -հանգիստ կխոսես-ՇՆՉԻՐ–հանդիսատեսին կնայես-ՀԱՆԳԻՍՏ,վա~յ,»- անցնում է մտքովդ:

Հետո բարձրացնում ես խոսափողը և սկսում. բոլոր արդի վախերը դառնում են ոչ իրական, իսկ այն փաստը, որ քեզ ունկդրելու են ոչ միայն այսօր, այլ տարիներ շարունակ (ելույթի տեսագրությունը վերբեռնվելու է համացանց հաշված օրեր անց)` ոչ էական:Եվ քեզ չի հետաքրքրում, թե քանի հոգի կմնա դահլիճում քո ելույթի ավարտից հետո: Քեզ մեկ է, տեղի կունենա ծափահարություններից հյուսված տեղատարափ անձրևը, թե քեզ շվոցով շենքից դուրս կհրավիրեն: Մեկ է, քանզի գոյություն ունեն միայն քո պատմությունը, հույզերն ու մտքերը և դու:

Րոպեներ անց կողքից լսում ես մի կողմից օտար, մյուս կողմից էլ` քեզ շատ հարազատ ձայն. շնորհակալություն ուշադրության համար,- ասում ես դու, միաժամանակ մտածելով, որ եթե խոսափողը կրծքավանդակիդ գոնե մի քիչ էլ մոտ լիներ, սրտի վայրագ բաբախյունները կլսվեին աշխարհի ամեն մի անկյունում: Եվ չնայած նրան, որ արյան մեջ լուծված ադրենալինի քանակը տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի նորմը, մտքերդ պարզ են, այնքան պարզ, որքան երբեք չեն եղել:

Եվ դու զգում ես, որ դու իրոք բանականությամբ օժտված ես, որ դու կենդանի ես, այո, դու կաս այս աշխարհի երեսին: Եվ քո կարծիքը, քո պատմությունը արժեք ունեն, որովհետև գոյություն ունեն նաև այն մարդիկ, ովքեր քեզ ունկնդրում էին, թեև նրանց չէիր էլ նկատել:

Միքայել Հարությունյան
TEDxKids@Yerevan 2013 խոսնակ